Պաշտոնական Վաշինգտոնը Երեւանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք լարվածության սրմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ոչ գծանշված հատվածում: Մենք տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և կոչ ենք անում զսպվածություն՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,- գրել է Փրայսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասաց, որ ներկայումս հանրապետության տարածքում կա շուրջ 250 ադրբեջանցի զինվոր: Փաշինյանը հանձնարարեց ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններ սկսել՝ կապված Սյունիքի Սև լճի շրջանում տիրող իրավիճակի հետ։