Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնեց Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն հայտնեց սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի մասին»,-ասաց Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն ու Փաշինյանը քննարկե՞լ են ռազմական համագործակցության ընդլայնումը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: