Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18։00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը։ Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
«Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- ասված է որոշման նախագծում։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: