Ես աջակցում եմ պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն Իսրայելին անվանել է ահաբեկչական պետություն:
«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ենք լինում նաև Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հարցով բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ: «Իսրայելին կանգնեցնելը մարդկության պարտքն է։ Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում գործել», – նշել է նա:
The Times of Israel-ն այս առնչությամբ հիշեցրել է Էրդողանի անցած տարվա խոսքերը: Նախորդ տարվա հոկտեմբերին նա նշել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային:
«Այս քաղաքում, որը մենք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված էինք լքել արցունքներով, մինչ այժմ կարելի է հանդիպել Օսմանյան դիմադրության հետքեր: Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր քաղաքը»,- հայտարարել էր Էրդողանը: