Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: Հավելենք, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: