«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ-ում անտեղյակություն է՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկի հետ չի քննարկում ընտրացուցակի հարցը։ Հրապարակումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, ի պատասխան մեզ՝ հրապարակեց ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան եւ Իվետա Տոնոյան։ Եվ քանի որ արդեն ժամանակն է, որ անձնագրայիններից տեղեկանքներ վերցնեն՝ քաղաքացիության եւ բնակության հետ կապված, տեղեկացանք նաեւ, որ ԲՀԿ առաջնորդը ոմանց փոխանցել է՝ տեղեկանքներ վերցրեք ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ։ Խոսքը Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի, երիտթեւի որոշ անդամների՝ նախագահ Աշոտ Անդրեասյանի մասին է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, եւ այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մայիսի 8-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Այն Կոմանդոսի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին հանձնել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Վերոնշյալի և այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ լեգենդար, լուսահոգի գեներալի որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի հետ: -Պարոն Տեր-Թադևոսյան, Ձեր հայրիկին շնորհված Ազգային հերոսի կոչումը Ձեզ հանձնեք այն անձը, ում ղեկավարության օրոք լեգենդար Կոմանդոսի ազատագրած Շուշին օկուպացվեց թշնամու կողմից: Սա միանշանակ չընդունվեց հանրության կողմից, մեկնաբանեք խնդրեմ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւ լճի տարածքում իրավիճակն արդեն մեկ շաբաթ է՝ անփոփոխ է․ բանակցությունները, ըստ էության, արդյունք չեն տվել՝ ադրբեջանցիները ոչ մի թիզ չեն նահանջել, կասկածի տակ է նաեւ այսօր նախանշված եռակողմ բանակցությունների շարունակությունը։ Երեկ Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին հայտնել են, թե Փաշինյանին վերջնաժամկետ են տվել՝ կա՛մ կբարձրաձայնի բանավոր պայմանավորվածությունների ընթացքում Ալիեւին տված իր խոստումները, որ Սյունիքի Սեւ լճից իրենց հեռանալու դիմաց Ադրբեջանին է տալու Տավուշի մարզի 9-12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ 2 միջանցք Սյունիքում, կա՛մ իրենք կհրաժարվեն բանակցություններից եւ կհիմնավորվեն Սեւ լճում։ Երեկ շուռնուխցիներին նաեւ տեղեկություններ էին հասել, որ ադրբեջանական սահմանակից համայնքներում զորքի տեղաշարժ կա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի եւ հետագա բուժումը ստանալու համար պետք է գնա Ռուսաստանի Դաշնություն: ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է եւ թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, եւ նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս ներկայումս ՌԴ-ում է եւ զբաղված է առողջական խնդիրներով»: