Հունաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակին՝ այն անվանելով մտահոգիչ:
Հունաստանը հայտարարել է, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: