ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջազգային այլ թեմաների հետ մեկտեղ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարությանը։
«Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Բլինկենը ՌԴ ԱԳ նախարարին իր անհանգստությունն է հայտնել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: