Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահամանին տիրող իրավիճակին։
«Կարող եմ արձանագրել, որ հայ-ադրբեջանական սահմանի արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, օպերատիվ իրադրությունը փոփոխություն չի կրել։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրմամբ, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում։ Մեր ԶՈւ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է․ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ՀՀ քաղաքական հարթակում տեղեկատվական պայքարի գործակալներ ունի։ Նա անդրադարձավ, ըստ էության, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ հրապարած փաստաթղթին․
«Ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից։ Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան։ Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, և այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին։ Եվ այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ նրա՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա հայտարարել էր, որ փաստաթուղթն ունի գաղտնազերծված մաս, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համաձայնել է այդ փաստաթղթի դրույթներին, բայց դեռ չի ստորագրել այն։
Մանրամասները՝ տեսանյութում․