ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ՝ նվիրված Հայաստանի սահմանազատման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարված փաստաթղթի քննարկմանը։ Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։
«Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Սովետական Հայաստանի տարածքից շուրջ 70 ք/կմ-ը գտնվում է Ադրբեջանի տարածքում, սահմանամերձ գյուղեր ունենք, որ վարելահողեր չունեն, որ մշակեն, այսինքն՝ մարդկանց հողերը օկուպացված են։ Այո՛, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանի տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, հակառակ իրավիճակն էլ ունենք, պետք է խոսենք, հասկանանք ինչ ենք անում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնական Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով որոշ հայկական գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին քննարկումներին՝ Փաշինյանն ընդգծեց. «Որ անկլավի մասին խոսում են, ինչի չե՞նք հիշում Արծվաշենի մասին, մենք հետաքրքված չե՞նք Արծվաշենով, ամենահետքրքիր կոմբինացիաները կարող են լինել, ոչ մի խնդիր չկա այդտեղ։ Մենք 30 տարի է արդեն Վրաստանի հետ դեմարկացիայի պրոցես ենք անցկացնում, սահմանների 60 տոկոսի դեպքում ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտավորապես 30 տոկոսի հետ կապված աշխատանքը շարունակվում է, պետք է լուծվեն այս հարցերը»։
Ըստ Փաշինյանի՝ այս հարցերի լուծումը կարևոր է նրանով, որ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվի, «չպետք է գնալ իլուզիաների հետևից»։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», – նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։