«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։ Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ArmLur.am-ը հրապարակեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաեւ հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։ Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաեւ Արցախի մասով եւ կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններին արտգործնախարարությունը՝ ի դեմս նախարար Արա Այվազյանի, չի մասնակցել։ Նախօրեին մեր լրագրողին հայտնել է ԱԳ նախարարության լրատվականը՝ հավելելով, որ այդ գործընթացին ուժայիններն են մասնակցել։ Իսկ ինչո՞ւ ուժայինները։ «Խոսքը ուժային դիրքերի մասին է»։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել, առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։ Գաղտնի է պահել նաեւ թիմից, բացառությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ 772 մլն 800 դրամ։ Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 403 մլն 100 դոլար, այսինքն՝ մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 մլրդ 369 մլն 700 հազար դոլարով»։