Ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթում ոչ մի խոսք չկա որևէ տարածք զիջելու մասին, Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նրա պնդմամբ՝ բանավոր որևէ քննարկում որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել։
Իշխանական պատգամավորը հիշեցրեց՝ հայկական կողմն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը կարող է տեղի ունենալ միայն ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման դեպքում։
«Մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժեց ՀՀ տարածք, որից հետո մեր դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից՝ առանց նախապայմանների։ Այս ընթացքում ՌԴ-ից առաջարկություն է ստացվել ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ։ Այս առաջարկը որևէ կապ չունի Արցախի սահմանների հետ»,- նշեց նա։
Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ ու լինի նաև հակառակը, պատգամավորը պատասխանեց․ «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն անկլավ է ունեցել Ադրբեջանում և հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս կամ այն լուծումը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:
Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը։ Ըստ Փաշինյանի՝ այդ փաստաթուղթը 100 տոկսով բխում է ՀՀ շահերից։
Մանրամասները՝ տեսանյութում․