Հայաստանը ժողովրդավարության կարիք չունի, մանավանդ, երբ երկիրը պատերազմում է: Այս մասին «Զանգեզուր TV»-ի ռեպորտաժում ասաց Հայաստանի Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքի Խոզնավար գյուղի բնակիչ Սևադա Ալավերդյանը՝ մեկնաբանելով գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք ոչ ոքի պետք չենք, ես ոչ մեկի հետ չեմ կարող շփվել, ոչ ոք չի պատասխանում իմ զանգերին: 2 ժամից գյուղում ոչ մի երեխա չմնաց, միայն տղամարդիկ են և երկու կին: Տարիներ շարունակ մարդիկ այստեղ ստեղծել են իրենց օջախները և ինչի՞ համար: Իշխանությունները ոչ մի պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ո՞ւր պետք է փախչենք»:
Գյուղի մեկ այլ բնակիչ Վրեժ Աբրահամյանը հայտնեց, որ հակառակորդի ուժերն արդեն Սեւ լճից մի քանի կիլոմետր առաջ են անցել գյուղի ուղղությամբ:
«Ես զանգահարեցի համայնքի ղեկավարին, խնդրեցի միջոցներ ձեռնարկել, բայց ոչ ոք չի արձագանքում: Գյուղից ոչ հեռու ես զինվորականների տեսա, կարծում էի, որ դա մերոնք են, բայց ինչպես պարզվեց, թուրքեր էին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել իրենց խնդրանքներին, զենք չեն տվել։
Վրեժ Աբրահամյանը նշեց, որ գյուղում ջրամատակարարման միայն մեկ աղբյուր կա, մյուսը՝ հիմնականը, գտնվում է հակառակորդի ուժերի վերահսկողության տակ: