Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:
ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու: Պարբերականը գրում է․
«Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի՝ հայտարարություն կանեն: Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով, արդեն համարն է որոշված՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ եւ տեղեկությունը ճշտել:
Մեր տեղեկություններով, ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը»,-գրում է Հայկական Ժամանակը:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 26-ը ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելու վերջնաժամկետն է: Դրանք ԿԸՀ-ին տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել: