Սիրիայի Գերագույն դատական կոմիտեն (Ընտրական հանձնաժողով) երկուշաբթի օրը հայտարարեց, որ ընտրատեղամասերը լիովին պատրաստ են մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Կոմիտեի խոսնակ դատավոր Մուխլիս Քայիսիսը SANA-ին ասաց, որ «Դամասկոսի և նահանգների բոլոր ընտրատեղամասերը ապահովված են քվեատուփերով և քվեաթերթիկներով, ինչպես նաև մատնահետքերի թանաքով` ընտրողների նույնականացման համար»:
«Բացի այդ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձեռնարկվել են անհրաժեշտ սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես` քվեարկության ընթացքում դիտարկվելու է սոցիալական հեռավորությունը, իսկ ընտրողներին պաշտպանական դիմակներ են տրամադրվելու»,- ասաց նա:
Երեքշաբթի օրը Սիրիայում հայտարարվում է լռության օր, երբ դադարեցվում է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը, նրանց ելույթները ընտրական հանրահավաքներում և լրատվամիջոցներում: Անցյալ շաբաթ ամբողջ երկրում անցկացվել են ազգային միասնությանն աջակցող հանրահավաքներ, որոնց կազմակերպիչները հորդորել են քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա քվեարկությանը:
Չորեքշաբթի, մայիսի 26-ին նախագահի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ. Գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, նախկին պետնախարար Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրայը, որը գլխավորում է Սիրիայի ժողովրդավարական ճակատը: