Գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային հանրության ուշադրությունը՝ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա սևեռելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Իմ հանդիպմանը ռուս գործընկերոջս՝ Վյաչեսլավ Վոլոդինի հետ նույնպես քննարկվել է հարցը: Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ, և չեմ կարծում, որ մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները: ՀԱՊԿ-ը ունի ընթացակարգեր, մեխանիզմներ, նաև Ռուսաստանի հետ են մեր քննարկումները շարունակվում։ Կարծում եմ՝ պետք է լավատես լինել»,- հույս հայտնեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են բոլոր դաշնակից երկրների հետ։
«Միջազգային հանրությունը և ՀՀ-ն պետք է ամեն ինչ անեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և երբեմն սառնասրտությունը և երկարատև աշխատանքն ավելի արդյունավետ են ու ցանկալի»,- նշեց ԱԺ նախագահը։