Հանրության մոտ տիրող որոշ տրամադրություններ են ներթափանցել խորհրդարան։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները, ելնելով ՀՀ անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ և ՌԴ՝ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցման կապակցությամբ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ես կարծում եմ՝ մենք մեր դաշնակիցներից արձագանք կունենանք»,-ասաց խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: