Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ՝ միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով և՛ պետք է մեզ գա, և՛ գնա հակառակ կողմին: Այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է հենց այդ տեսքով: Այսինքն՝ սա աշխատանքային պրոցես է: Մենք փորձում ենք ամեն ինչի մեջ տեսնել ավելի վատը, քան իրականությունն է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ բաց են հասարակության առաջ ու պատրաստ են ամեն ինչի մասին բաց խոսել:
«Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին վարչապետը ԱԺ ամբիոնից խոսել է, այսինքն՝ չկա նոր բան, որը ես կարող եմ հիմա այստեղ ասել: Բանակցությունները շարունակվում են»,- ասաց նախարարի պաշտոնաատարն ու հավելեց, որ ցանկանում են առանց խնդիրը սրելու, շտապելու լուծել ստեղծված իրավիճակը:
Դրան ներգրավված են ռուս գործընկերները, ՀԱՊԿ-ը, ուստի հարցին պետք է լուծում տալ դիվանագիտական խողովակներով:
Պապիկյանը կարծում է, որ ՀՀ մամուլի մոտեցումը տվյալ հարցին ճիշտ չէ, այն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր անց իրական պահանջ է դառնում հակառակորդի կողմից:
Հետևաբար, սահմանային հարցերը, պետության անվտանգության հարցերը լուսաբանելիս առաջարկում է լինել ավելի փակ: