Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական կոչով, որտեղ նշում է, որ նորից մտնում է քաղաքականություն:
Իր վերադարձը քաղաքականություն Բաբայանը բացատրում է նրանով, որ չի կարող հանդուրժել, որ իր հողում տիրի թշնամին` ոտնահարելով ժողովրդի իրավունքը:
«…մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա: Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում զինված բախումներ»,- գրել է Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։
«Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալու համար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ:
Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն, և ստիպենք, որ հաշվի նստեն իրական օրակարգի և արտաքին վտանգների հետ:
Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա և ֆինանսական ռեսուրսները, բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սամվել Բաբայանը կմասնակցի ԱԺ ընտրություններին «Ազատական» կուսակցության թիմով: