Նախկին իշխանության ժամանակ գործարարները մտնում էին ցուցակ և դրանով ապահովում իրենց բիզնեսի աճը։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Իշխանական պատգամավորը նման երևույթին դեմ է, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ գործարարներն ու առևտրականները պարտադիր պետք է ներկայացված լինեն ԱԺ-ում։
«Ոչ միայն գործարարները, այլ նաև բժիշկները, իրավաբանները, տնտեսագետները, բիզնեսից ներկայացուցիչներ միշտ պետք է ներկայացված լինեն խորհրդարանում։ Անգլիան ամենադասական պառլամենտական երկիրն է, բայց գործարարների համար քվոտաներ են եղել, որպեսզի նրանք լինեն պառլամենտում և պաշտպանեն առևտրականների շահերը»,- նկատեց պատգամավորը։
Ըստ նրա՝ եթե ՔՊ ցուցակում հայտնված գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում պաշտպանեն իրենց շահերը, դա օրենքի խախտում կլինի։
«Եթե նման բան լինի, ես ձեր կողքը կկանգնեմ և կբարձրաձայնեմ, որ ՔՊ կազմի մեջ ընդգրկված գործարարները զբաղվում են իրենց շահերի պաշտպանությամբ։ Ես այդ գործարարներից մեկին անձնապես ճանաչում եմ և վստահեցնում եմ՝ նման բան բացառված է։ Գործարարների, խելացի մարդկանց ԱԺ բերելը միայն կնպաստի պառլամենտարիզմի զարգացմանը, և տվյալ խմբակցությունը միայն դրանից կշահի։ Իզուր եք «սև» տոներով ներկայացնում գործարարներին։ Գործարարը ոչ թե բացասական, այլ դրական երևույթ է։ Գործարարը մարդ է, որն իր եռանդը ներդրել է բիզնեսի մեջ։ Պետք չէ նրանց բացասական կերպարով ներկայացնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․