Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման վերաբերյալ քննարկումներն ինչ փուլում են։
«Ադրբեջանի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ուժի կիրառմամբ միջանցք ստեղծել Սև ջրից Բիչենեկ տարածք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ տարածքի լայնությունն այդ հատվածում 26 կիլոմետր է։ Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին»,- նշեց նա։
Անդրադառնալով պնդումներին, որ ՀՀ բանակն ուժային գործողության չի գնում և դիմում է ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանն ասաց, որ հենց ՀԱՊԿ գործընկերներ երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ իրավիճակի հանգուցալուծման ռազմական ճանապարհով։
«ՀՀ-ի ռազմական բախման չգնալը նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ-ի անդամ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ։
Սա է պատճառը, որ մենք ասում ենք, պետք է հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ:
Կարծում եմ՝ այն նախնական մտահաղացումը, որն ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ չեզոքացված չէ: Մեր գործընկերները պետք է այդ մտահաղացման վերաբերյալ հստակ տեղեկացված լինեն ու պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ։ Ադրբեջանի ԶՈւ-երի գործողությունները նա որակել է անվանել ոտնձգություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Նա այդ ժամանակ տեղեկացրել էր, որ շուրջ 250 ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի պետական սահմանը ՝ անցնելով 3,5 կմ խորությամբ:
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնին ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթներով։