Օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն առ այն, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն անհապաղ պետք է ազատ արձակվեն, այդ երկրի խորհրդարանի նախագահն անվանել էր «ուղղակի թղթի կտոր»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին:
Ինչպես նշեց Արա Այվազյանը՝ բանաձևն ընդունվել է խորհրդարանի մեծամասնության կողմից: Ընդ որում՝ բանաձևի շատ հարցեր համահունչ են ՀՀ պաշտոնական դիրքորոշման հետ:
«Վերջին օրերի սահմանային սրացումների հարցը կարող է տպավորություն ստեղծել, թե ռազմագերիների խնդիրը մնացել է ստվերում: Ես ուզում եմ մեր բոլոր գործընկերներին վստահեցնել, որ մշտական սկզբունքով մենք բոլոր միջազգային շփումներում բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ իր կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասաց Այվազյանը:
Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա հարցի վերաբերյալ միջազգային կոնսենսուս, կարծում է նախարարի պաշտոնակատարը: Նա համոզված է, որ կգա պահ, որ Ադրբեջանը չի կարողանա դիմադրել այդ ճնշմանը: Իսկ ճնշումն ինչպես մարդասիրական է, այնպես էլ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու ադրեբաջանական նկրտումներին է վերաբերում: