«Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»,-այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ իրեն տեղեկանք են ներկայացրել, ըստ որի, երբ սահմանին ծագած իրավիճակների շուրջ զարգացումներ են լինում՝ ընդհուպ ծեծկռտուք, «հայաստանյան հայտնի ընդդիմադիր շրջանակների օգտատերերն ակտիվ տարածում են այն տեսանյութերը, որոնք տարածվել են նաև ադրբեջանական շրջանակների կողմից»։
«Եղել են նաև տեսանյութեր, որտեղ նույն կերպ Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչները հետ են մղել ադրբեջանցի զինծառայողներին, և այդ նույն օգտատերերը այդ տեսանյութերը չեն տարածել, և հետո էդ մարդիկ ասում են «մենք բանակի կողքին ենք»։ Բա էտ ո՞նց է, որ դուք բանակը թվացյալ վարկաբեկող տեսանյութերը տարածում եք, իսկ որ մենք ունենք զինվորներ, սպաներ, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութեր, դրանք չեք տարածում։ Սա նշանակում է՝ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության գործակալներ»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։