ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը առաջին օրվանից քննարկման առարկա եղել է ու կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին, թե ՀՀ-ն չի պատրաստվում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
Նա ընդգծեց, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ:
«Երբեք չենք բացառել ու չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է ժողովրդին բաց, հրապարակային ասել 10 տարվա իրադարձությունների մասին:
«Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին տարիների ընթացքում: Ես անգամ թույլատրելիից մի փոքր ավելի ինֆորմացիա եմ տվել: Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել, կարող է իմ հրապարակած փաստերը գրառել ու հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ։ Ադրբեջանի ԶՈւ-երի գործողությունները նա որակել է անվանել ոտնձգություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Նա այդ ժամանակ տեղեկացրել էր, որ շուրջ 250 ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի պետական սահմանը ՝ անցնելով 3,5 կմ խորությամբ:
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնին ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթներով։
Մանրամասները՝ տեսանյութում․