«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են. ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, եւ որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր՝ ընտրացուցակները հանրությանը բազում անակնկալներ բերեցին։ ԲՀԿ-ում, օրինակ, անակնկալի էին եկել նախորդ գիշերը, երբ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ ներկայացնելուց առաջ իր կազմած ցուցակի մասին տեղեկացրել էր թիմակիցներին։ Առաջին անակնկալը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ցուցակում չընդգրկելու փաստն էր, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին էր հայտնի դարձել։ Էնֆիաջյանի մասով ասացին, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաեւ նախկին նախարար Արթուր Գրիգորյանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրած ուժերի մեծաքանակությունը շատերին է զարմացրել, քանզի, ըստ փորձագետների, իրականում մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչևէ, ընտրական գործընթացը թևակոխեց նոր փուլ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի են մտահոգվում սեփական վարկանիշի օրեցօր անկման համար։ Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունը, պարբերաբար սոցհարցումների շարք է իրականացնում, որպեսզի հասկանա, թե տեղի ունեցող ներքին և արտաքին գործընթացների ֆոնին վարկանիշի ինչ «ամպլիտուդ» ունեն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր եւ մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիեւին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սեւ լճից։ Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչեւ ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։ Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին եւ թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հակառակորդը 15 օր է՝ շարունակում է մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանից ներս՝ մեր տարածքում, ու անգամ սահմանին զոհ ունեցանք, ՀՀ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հետ անհամաձայնություն ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդքան էլ լավ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որեւէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել եւ վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։ Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաեւ Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլեւ «խաղեր են տվել» ընդդիմության հետ»։