2012 թվականից մինչև հիմա նման մեծ թվով մասնակիցներ, որոնք առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել, չենք ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ըստ նրա՝ եթե առաջադրվողների թիվը մեծ է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջանում։
«Բավական է միայն հիշել, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է քվեաթերթիկ, իսկ սա նշանակում է, որ հիմք է ընդունվում ընտրողների թիվը՝ բազմապատկվում կուսակցությունների թվով։ Սա ահռելի քանակություն է։ Ծախսերն ավելանալու են, և պլանավորելիս չենք մտածել, որ նման քանակի առաջադրումներ կունենանք»,- նկատեց Մուկուչյանը։
Նշենք, որ այսօր կայացած ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ բաշխվեցին Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունն էլ հետ վերցրեց առաջադրման դիմումը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։