Այսօր ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի համանախագհներին ու Ադրբեջանին։
«Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան շարունակական է։ Այն մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել։ Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, այս սադրանքն անխուսափելիորեն կարող է լայնածավալ բախման վերածվել։ Ես ուզում եմ իրադրության լուծման առաջարկությամբ հանդես գալ։ Քանի որ իրադրությունը հասել է այս իրավիճակին, ես հանդես եմ գալիս բաց առաջարկությամբ՝ ուղղված միջազգային հանրությանը։ Սա դիվանագիտական պաշտոնական առաջարկ է՝ նաև ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Ադրբեջանին։
Իմ առաջարկը հետևյալն է․ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից։ Այսինքն, մենք առաջարկում ենք այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ, որոնք կներկայացնեն կա՛մ Ռուսաստանը, կա՛մ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածի մասին է։
«Մենք առաջարկում ենք, որ Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում բոլոր զինված ստորաբաժանումները դուրս բերվեն, սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդներ ՌԴ-ից կամ ԵԱՀԿ համանախագահությունից՝ համոզվելու, որ կողմերն իրականացնում են պայմանավորվածությունները։ Հաջորդ փուլով սկսվում է սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ներկայացուցիչների աջակցությամբ»,-հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․