«Հյուսիս-հարավ ճանապարհի նախնական նախագծումը կատարվել է մեզնից շատ առաջ՝ 2010-2012 թվականներին։
Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը այդ ժամանակվա «ՀՀ ոչ կապիտուլյանտ իշխանությունը» նախագծել է հետևյալ կերպ․ այդ ճանապարհն անցնում է ոչ մեր իմացած ճանապարհով, չի գնում հասնում Երասխ, պտտվում բարձրանում դեպի Պարույր Սևակ և Տիգրանաշեն, այլ գալիս մտնում է Վեդի, շարունակվում Ուրցաձորով և գնում, դուրս է գալիս Զանգակատան տակ։ Ինչո՞ւ։ Որպեսզի չանցնի Տիգրանաշենով»։
Այս մասին Աջափնյակ համայնքի իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհի նախագիծը դրա հետևանքով 70-100 միլիոն դոլարով թանկացել է,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե որևէ մեկն ասում է, որ մենք ունենք անկլավ, ապա մենք էլ ենք ասում, որ ունենք անկլավ։
Քանի որ դա շատ բարդ հարց է, միջազգային պրակտիկայում եղել է լուծում։ Լուծումը հետևյալն է՝ ով ինչ տարածքի տիրապետում է, մնում է իր տարածքում։