ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ պետությունն այս հարցում շատ լուրջ աշխատանք ունի, և այն չի կարող մի կողմ քաշվել և «սերունդ դաստիարակելը թողնել դրսից ֆինանսավորվող մի քանի կազմակերպությունների վրա, հատկապես Հայաստանի նման փոքր երկրում»:
«Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ խոչընդոտ ենք հանդիսանում որոշ պետությունների համար, այդ թվում՝ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։ Հասկանալի է, որ բավական փոքր գումարներով այստեղ կարելի է այնպիսի տրամադրություններ առաջացնել, որոնք ժամանակի ընթացքում սպառնալիք կդառնան։ Եթե շատ ակտիվ երիտասարդների մի մասը մի քանի տարի աշխատի այդ քարոզչության ազդեցության տակ, իսկ հետո տարբեր պաշտոններ զբաղեցնի, ապա մենք անդառնալի հետևանքներ կունենանք երկրի համար», – հայտարարել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դա «փափուկ ուժի» կիրառումն է, որը գերտերությունները վարպետորեն օգտագործում են փոքր երկրների դեմ։