«Ռուսաստանից բացի այլ երկիր, որը կարող է մեր տարածաշրջանում էական նշանակություն ունենալ, չկա»,- Սպիտակ համայնքի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Քարտեզը, որ նայում ենք, ակնհայտ է, որ Թուրքիայի դերն աճում է, ինչը մեզ անհանգստացնում է, և միակ երկիրը, որ կարող է դա զսպել, Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Այլ երկիր, որը կարող է փոխարինել Ռուսաստանին, գոյություն չունի»,- նշեց նա։
Ըստ Քոչարյանի՝ բացի դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ Հայաստանն ունի նաև պատմական հարաբերություններ, իսկ մշակութային խորը կապեր, լեզվական առումով խնդիրներ չկան։
«Ռուսաստանյան շուկան հսկայական է, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությանն արագ զարգանալ։ Մեր արտահանման պոտենցիալը առանց Ռուսաստանի շուկայում ծավալվելու ուղղակի հնարավոր չէ զարգացնել։ Եվրոպայում ոչ մեկը մեր արտադրանքին չի սպասում։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրային շրջանակում ազատ է։ Մենք կարող ենք Հայաստանը շատ արագ ուրիշ դասի երկիր սարքել, շատ կարճ ժամանակահատվածում»,- ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։