«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-յան գրառմամբ մեկնաբանել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ նախընտրական ցուցակում։
«Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով «Լուսավոր Հայաստան»-ի իր գործընկերներին փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։
«Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախ և առաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն մեր միասնականությամբ և համախմբմամբ։
Քաղաքականության մեջ կլինեմ այնքանով, որքանով դա կլինի անհրաժեշտ մեր երկրի տնտեսական զարգացմանն ուղղված բարեփոխումների և ծրագրերի իրականացման, վերկուսակցական, ազգային շահերի ապահովման համար։ Ներողություն եմ խնդրում բոլոր այն ընկերներից, համակիրներից և առհասարակ ընտրողներից, որոնց հիասթափեցրել եմ իմ այս որոշմամբ»,- գրել է Խաչատրյանը։