Ընդամենը 7 ամիս առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նա իր նախորդի՝ Զոհրապ Մնացականյանի նման լուռ հեռացավ՝ առանց հստակեցնելու պաշտոնը լքելու պատճառները։
Նախարարի հրաժարականի հնարավոր պատճառների ու հետևանքների, ինչպես նաև ԱԳՆ-ում ազատման զանգվածային դիմումների մասին տեղեկության թեմայով Armenia Today-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։
«Տեղեկատվական դաշտ արտահոսած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը արտաքին քաղաքականությունը չի համակարգում արտաքին գործերի նախարարի հետ։ Վերջինս շատ դեպքերում ուղղակի մամուլից է իմանում վարչապետի կողմից ստորագրված այս կամ այն փաստաթղթի մասին»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ չի կարող երկրի արտգործնախարարը շարքային քաղաքացիների նման լրատվությունից իմանալ կարևորագույն փաստաթղթերի ստորագրման մասին․ դա նոնսենս է։
Ինչպես մասնագետն է ասում՝ հետաքրքիր է, թե ինչի համար է ԱԳ նախարարը, եթե արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևոր հարցերը լուծվում են առանց նրա գիտության։ Սպասելի է, որ արժանապատվություն ունեցող մարդը չի կարող միայն աշխատավարձ ստանալու համար մնալ այդ պաշտոնին։ Բադալյանն ավելի քան համոզված է, որ Արա Այվազյանի հեռանալու շարժառիթը հենց սա է։
Մեր հարցին, թե նորմա՞լ է արդյոք այսպես, առանց պաշտոնաթողության պատճառները նշելու հեռանալը, քաղաքագետն ասաց՝ ոչ, նորմալ չէ։ Եթե հրաժարական ես ներկայացրել, ապա պետք է հստակ ասես՝ հրաժարական եմ տալիս այս պատճառով․ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ համաձայն չեմ։ Սակայն այս հրաժարականը նման է «մանկական փախուստի», որն ըստ նրա՝ սազական չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային։
Ի՞նչ ձեռքեբերումներ գրանցեց ԱԳ պաշտոնաթող նախարարը՝ քաղաքագետի կարծիքով՝ ոչ մի։
«Ոչ մի բանի չհասավ, չէր էլ կարող հասնել, քանի որ նա արտաքին քաղաքականություն իրականացնող է, որոշող չի, որոշողը վարչապետն է։ Իմանալով, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ է սպասվելու, համաձայնել էր ստանձնել պատասխանատվություն, գուցե չէր դիմացել պաշտոնի գրավչությանը։ Սակայն նա եկավ ու գնաց՝ ոչինչ չփոխելով ու Բադալյանի խոսքով՝ միայն վիճակագրության մեջ է մնալու՝ որպես որոշակի ժամանակամիջոցում այդ պաշտոնը զբաղեցնող մարդ, որն աչքի չի ընկել ոչ մի կարևորությամբ։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատանքից ազատվելու զանգվածային դիմումների մասին լուրին, ապա Բադալյանի դիտարկմամբ, դա կարող է մանիպուլիացիոն բնույթ կրել ու չափազանցված տեղեկություն լինել։
«Երբ գրում են, թե տարբեր երկրների դեսպաններ են հրաժարական տալիս, ԱԳՆ բաժնի պետեր ու տեղակալներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ ԳՇ և ԱԱԾ-ի աշխատակիցներ, ինչպես տեսնում ենք, չի հաստատվում, այլ այս պահի դրությամբ ունի մանիպուլիացիոն բնույթ»,- ասաց քաղաքագետը։
Նշենք, որ Armenia Today-ը նախագահականից տեղեկացավ, որ Արա Այվազյանի հրաժարականի դիմումն մինչև այս պահը չեն ստացել։
Արաքսյա Սնխչյան