Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ:
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար:
Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց.
«Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև:
Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների:
Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը:
Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին»: