Հայաստանը մտնում է նախընտրական մարտերի թեժ շրջան։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնց ելքը բառի բուն իմաստով կորոշի մեր երկրի ճակատագիրը և կկանխորոշի նրա ապագան, մնացել է 20 օրից պակաս։
Հունիսի 20 -ին կայանալիք ընտրություններին մասնակցում են աննախադեպ թվով քաղաքական ուժեր՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Երրորդ կողմի համար կարող է կարծիք ստեղծվել, որ ընտրողին դժվար կլինի հասկանալ քաղաքական ուժերի բազմազանությունը, որոնցից յուրաքանչյուրը վստահեցնում է, որ հենց ինքն է ի զորու երկիրը դուրս բերել խորը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից։ Մինչդեռ, ըստ փորձագիտական հանրության, հիմնական պայքարը ծավալվելու է 4-5 քաղաքական ուժերի միջև։
Ի դեպ, այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են ոչ միայն մեծ թվով մասնակիցներով։ Դրանք, ըստ ամենայնի, աննախադեպ կլինեն նաև պայքարի ուժգնությամբ։
Այն, որ սպասվում է աննախադեպ կոշտ և անզիջում պայքար, Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց նաև քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Ըստ էության, խոսքը գնում է Հայաստանի պետականության պահպանման մասին, և այս առումով բոլոր հիմքերը կան պնդելու, որ հունիսի 20 – ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են աննախադեպ՝ մի շարք գործոններով պայմանավորված», – նշեց փորձագետը:
– Իշխանությունը հայտարարությունների մակարդակով երաշխավորում է, որ ընտրությունները կլինեն մրցակցային, արդար և թափանցիկ։ Եվ որպեսզի դրանում ոչ ոք չկասկածի, նրանք վկայակոչում են 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների փորձը։ Արդյո՞ք կարելի է ակնկալել, որ իշխանությունները կխուսափեն վարչական ռեսուրսն օգտագործելու և վերտարտադրվելու գայթակղությունից։
– Իրավիճակն այսօր արդեն այն չէ։ Այս ընտրություններն աննախադեպ են լինելու և՛ «սև», այսինքն ՝ կեղտոտ տեխնոլոգիաների, և՛ պայքարի ուժգնությամբ։ Այո, այս անգամ ևս, ինչպես և նախորդ բոլոր ընտրություններում, շատ բան է դրվելու՝ իշխանության լծակներ, սեփականություն, ֆինանսներ և քաղաքական ու տնտեսական իշխանության մյուս բոլոր ատրիբուտները։ Իշխանության համար խոսքը տվյալ դեպքում սեփական անվտանգության երաշխիքների մասին է, չէ որ նրանցից շատերը հասկանում են, որ ընտրություններում անհաջողության դեպքում նրանք հետագայում կարող են մեղադրյալների կարգավիճակում հայտնվել մի շարք քրեական գործերով: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի մի շարք ներկայացուցիչներ խիստ վախենում են դրանից։ Եվ այս առումով գործող իշխանությունը չի փորձի օգտվել ցանկացած հնարավորությունից՝ ցանկալի արդյունքի հասնելու համար՝ ոչ միայն քաղաքական, այլև բոլոր հնարավոր գործիքների կիրառմամբ։ Այնպես որ, այս ընտրությունները, կարծում եմ, կլինեն Հայաստանի նորագույն պատմության «ամենակեղտոտ» ընտրություններից մեկը։
– Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանությունը վարչական ռեսուրսի անհամաչափ օգտագործումից բացի կարող է գնալ քվեարկության արդյունքների կեղծման:
– Վարչական ռեսուրսի օգտագործումը նվազագույնն է, ինչին կգնա իշխանությունը։ Ինչպես վկայում են վերջին շրջանում պարբերաբար անցկացվող սոցհարցումների արդյունքները, գործող իշխանությունը բավարար ձայներ չունի ապագա գումարման խորհրդարանում մեծամասնություն ստանալու և, համապատասխանաբար, կառավարություն ձևավորելու համար։ Իհարկե, նրանք կարող են ձայների բավականին լուրջ տոկոսի հույս ունենալ, բայց այդ ձայները, կրկնում եմ, բավարար չեն լինի մեծամասնության համար, իսկ դա նշանակում է՝ իրենց վերարտադրության համար։ Ասել է թե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանց այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիայի չի կարող կառավարություն ձևավորել։ Եվ իշխանությունների համար ամբողջ խնդիրն այն է, որ ընտրությունների որոշ մասնակիցներ, որոնք կարող էին այսօր իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բավական մշուշոտ շանսեր ունեն հաղթահարելու 5 տոկոսանոց արգելքը և մտնելու խորհրդարան։
– Այսինքն ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեռևս երկու տարի առաջ հնչեցրած «Կոնսենսուս մինուս մեկ» թեզն, ըստ էության, իրականություն դարձավ։
– Այդպես էլ կա։ Համենայնդեպս, կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր հիմնական խաղացողները կոնսենսուսի են հասել այս հարցում։ Փաշինյանի քաղաքական գործընկերները պատշաճ կշիռ չունեն, որպեսզի էական դերակատարություն ունենան երկրի քաղաքական կյանքում, մասնավորապես, առաջիկա ընտրություններում։
– Ինչպիսին է լինելու, ըստ Ձեզ, ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը: Ձեր կարծիքով, ով եւ ինչ տոկոս ձայներով կանցնի Ազգային ժողով:
– Տոկոսների մասին խոսելը դեռ վաղաժամ է։ Շատ բան կախված կլինի նախընտրական քարոզարշավից, երբ գործին կմիանան զանգվածային լրատվամիջոցները, քաղաքական գործիչները կմասնակցեն տարատեսակ թոք-շոուների, բանավեճերի և այլն: Բայց արդեն այսօր մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ խորհրդարան կանցնեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Վերջին երեք ընդդիմադիր ուժերն իրական շանս կունենան կոալիցիա կազմելու և, համապատասխանաբար, կառավարություն ձևավորելու համար։ Հնարավոր է, որ Հայ ազգային կոնգրեսին ևս հաջողվի հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը՝ շատ բան կախված է նրանից, թե քաղաքական ուժը որքան գրագետ կիրականացնի իր քարոզարշավը։ Տեր-Պետրոսյանն ունի իր կայուն գաղափարական ընտրազանգվածը։ Հնարավոր է ՝ այն այնքան էլ մեծաթիվ չէ, բայց բանն այն է, որ ՀԱԿ-ն ունի նաև որոշակի ռեզերվ, որը դեռ կենտրոնացած է իշխող կուսակցության շուրջ։ Եվ այդ ընտրազանգվածը, հիասթափված ու դժգոհ լինելով Փաշինյանի կառավարությունից, կարող է միանալ ՀԱԿ-ին։
– Էդմոն Մարուքյանի կուսակցությունը չհիշատակեցիք։ Այսինքն՝ բացառո՞ւմ եք «Լուսավոր Հայաստանի» մուտքը խորհրդարան։
– Այդ կուսակցությունն իրեն «Երրորդ ուժ է» ներկայացնում, դա նրա գլխավոր խաղաքարտն է։ Բայց խորհրդարան անցնելու նրա շանսերն ինձ շատ խնդրահարույց են թվում։ Բանն այն է, որ 26 մասնակիցներից առնվազն 20-ը հավակնում են այդ երրորդ ուժի դերին։ Այսինքն՝ այնտեղ ձայների շատ «մեծ բաշխում» կլինի, և այս պահին ես չեմ տեսնում ազատ հինգ տոկոս, որոնք կողմ կքվեարկեին «Լուսավոր Հայաստանին»։ Բայց, կրկնեմ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ընտրությունների մասնակիցները, այդ թվում ՝ «Լուսավոր Հայաստանը», քարոզարշավ կանցկացնեն։
– Ըստ սոցհարցումների արդյունքների՝ ընտրազանգվածի զգալի մասը՝ 40-45 տոկոսը, դեռ չի կողմնորոշվել իր քաղաքական հակումների և ընտրություններին մասնակցելու հարցում։ Պետք է ենթադրել, որ դրանք ներկայիս իշխանությունից դժգոհ մարդիկ են, բայց նաև «նախկինների» վերադարձն ուզողներ չեն։ Հնարավոր է, որ նրանց մի մասը, միգուցե, շատ էական է, այնուամենայնիվ, գնա ընտրատեղամասեր։ Ի՞նչ եք կարծում ՝ դա Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է, թե՞ նրա քաղաքական ընդդիմախոսներինը։
– Փաշինյանն ունի իր հաստատուն էլեկտորատը, որը, կարծում եմ, քանակական առումով էական, թռիչքային փոփոխություններ չի կրի։ Սա այն էլեկտորատն է, որի համար միևնույն է, թե ինչ է կատարվում երկրում։ Փաշինյանը նրանց «կուռքն է», նրանք անվերապահորեն հավատում են նրան և վերջ։ Այնպես որ, այդ 40 տոկոսի այն մասի ձայները, որոնք, այնուամենայնիվ, գնալու են ընտրությունների, կարծում եմ, կբաժանվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, իսկ թե կոնկրետ որ համամասնությամբ՝ ցույց կտա ժամանակը։
Միքայել Բարսեղյան