«Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ,«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով պատրաստվում է բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մեր քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է»,- ասել է ՀՅԴ-ականը:
Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը ընտրարշավով են զբաղված, Սաղաթելյանն ասել է. «Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք փողոցում պայքարում էինք, շատ ուժեր ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների, ասում են՝ ընտրություններին մասնակցելով չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»:
Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝ Սաղաթելյանը նշել է, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի էր հրավիրել ՀՀ 1-ին և 2-րդ նախագահներին, սակայն երկուսն էլ մերժել էին հրավերը: