ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն Armnews-ի եթերում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացին, իր հրաժարականի պատճառներին։
Նա նշել է, որ հրաժարականի խնդիրներից մեկը հենց պատերազմի ընթացքն էր։
«Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ժամը մեկ վարչապետին զեկուցել է ռազմաճակատային իրադրության օբյեկտիվ և լիարժեք պատկերի մասին, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ նա իրավիճակից բխող որոշումներ չի կայացրել։ Եթե տեսնում էինք, որ պարտվում ենք, որևէ մեկը մեզ չէր աջակցում անգամ քաղաքական հայտարարություններով, ո՞ւմ վրա էինք հույս դնում, ինչո՞ւ էինք օր օրի խորացնում մեր կորուստները, ամեն օրը նոր զոհեր էր բերում»,-ասաց նա։
«Մենք չենք ունեցել մի իրավիճակ, որը հաջողություն էր խոստանում, մեր վիճակն օրեցօր վատթարանում էր։ Եթե վարչապետը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն ընտրություններից հետո՝ նոր Հայաստանում ձևավորվելիք օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը կասի պատճառները։ Եթե մենք խոսում ենք միտումնավորության մասին, դա պետական դավաճանություն է։ Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով։ Մենք ունեցել ենք վատ կազմակերպված իրավիճակ»,- ասել է Համբարձումյանը։
Համբարձումյանի խոսքով՝ վարչապետին և իր մերձավորներին չհաջողվեց քաղաքացիական կյանքը տեղափոխել ռազմական ռելսերի վրա։
«Անընդհատ շահարկում էին, ասում՝ Շուշին հանձնվեց, որովհետև Ծառուկյանի կամ Վանեցյանի ջոկատները չգնացին այնտեղ։ Իսկ հյուսիսում կռվող 20-30 հազար զորքն ինչո՞ւ չտեղակայվեց այդ ուղղությամբ, որ կարողանային Շուշիի պաշտպանությունը կազմակերպել։ Չէ՞ որ քաղաքացիական անձանց ներգրավելով՝ չես կարող հաղթել։ Գյուղապետերի կողմից կազմած ջոկատները չէին կարող բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Դա անհնար էր»,-ասաց նա ՝ շեշտելով, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանի միայն Օնիկ Գասպարյանը, նա է պատասխանատվություն կրում շատ բաների համար»:
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի սկզբից ԱԱԾ պետի տեղակալներից մեկը, մշտապես գտնվել է Ստեփանակերտում և այնտեղից գրավոր տեղեկացրել է Արցախում տիրող իրավիճակի մասին, և այդ տեղեկատվությունը զեկուցվել է վարչապետին: Նա հայտնել է, որ, մասնավորապես, Ստեփանակերտ մտնող ջրի ամենօրյա վերլուծություն իրականացնող լաբորատորիայի աշխատակցուհիները փախել են Երևան։ Նա նշեց, որ վարչապետին զեկուցել է այդ մասին, բայց հարցն այդպես էլ չի լուծվել։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին և ազատվել զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 8-ին: Ավելի ուշ ՝ նոյեմբերի 12-ին, նա հանդես է եկել երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների: