Այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցի սենյակներից մեկում հայտնաբերված դիերի հարցին։ Նա նշեց, որ դեպքը վերագրվում է իր քաղաքացիների նկատմամբ պետության վերաբերմունքին։ Ապա Փաշինյանը ԱՆ ԺՊ Անահիտ Ավանեսյանին խնդրեց անդրադառնալ 2018-2021 թվականներին կատարված աշխատանքներին։
Մինչև 2018 թվականը ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ն ունեցել է միայն Երևանի դիահերձարան․ մարզերում չեն եղել ծառայություններ։
«Ծառայությունը Երևանում 25 սառնարանային տեղ է ունեցել, այժմ ունի 200 այդպիսի տեղ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա ներկայացրեց մինչ այժմ դիերի հերձման մարզային սառնարանային բլոկների ստեղծման, նորոգման աշխատանքները։ Ասաց, որ գենետիկական սարքեր Հայաստանում առհասարակ չեն եղել։ 2018 թվականին համատեղ ջանքերով որոշ ընկերությունների հետ հնարավոր է եղել գնել ու տեղադրել առաջին այդպիսի սարքը։
Բյուջետային հատկացումների մասին Ավանեսյանն ասաց, որ 2017 թվականին բյուջեն 389 միլիոն է կազմել, 2018 թվականի առաջին ամիսներին 24 միլիոնով կրճատվել է, իսկ արդեն 2020 թվականին 594 միլիոն է դարձել։
ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի աշխատակիցներն, ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ աշխատել են շաբաթը 7 օր՝ 24 ժամ։ Նրանք ճնշումների, հաճախ՝ վիրավորանքների ներքո են աշխատել։ Այդ աշխատանքը չի կարելի չգնահատել։
«Մենք պետք է այս դեպքից դասեր քաղենք։ Բայց չեն կարող Կառավարությունը կամ ԱՆ-ն ամեն օր գնան և ստուգեն այդ աշխատանքը։ Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է։ Հենց դա էլ բարեփոխումների կարևոր մասը պետք է լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ դեպքին առնչվող բոլոր պաշտոնյաներն ազատվել են աշխատանքից։
Հիշեցնենք, որ հետպատերազմյան շրջանում հերթական աղմկահարույց տեղեկությունը ցնցեց հասարակությանը։ Խոսքը տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած լուսակարի մասին է, որտեղ դիահերձարանի սենյակներից մեկում ուղիղ հատակին Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած զինծառայողների՝ պարկերի մեջ դրված մարմիններ էին։