«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին ամիսների ընթացքում մի շարք հանգամանքներով պայմանավորված, ինտենսիվորեն փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնցից մեկն ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունն էր։
Բայդենի արտաքին քաղաքականությունը, նրա կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը, վերջին ամիսների ընթացքում ամերիկյան մեդիաքաղաքական շրջանակներում հայկական թեմատիկայի ակտիվությունը թույլ էին տալիս ենթադրել, որ Հայաստանի հարցում ամերիկյան քաղաքականությունը որոշ հատվածներում նույնիսկ կարող է բեկումնային լինել, հատկապես, երբ դրա համար ակնհայտ հնարավորություններ ընձեռեն ՀՀ իշխանությունները»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ հինգ հանրային գործիչներ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը և փաստաբան Անահիտ Սարգսյանը, ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե», որը պատրաստվում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրային պատշաճ վերահսկողություն սահմանել՝ ընտրախախտումները և կեղծարարությունները կանխելու նպատակով։
Չնայած կոմիտեն ստեղծվել է ընդամենը չորս օր առաջ, սակայն արդեն իսկ բազմաթիվ անհատներ, տարբեր մասնագետներ ու գործիչներ արձագանքել են և պատրաստակամություն հայտնել անշահախնդիր և անվարձահատույց աջակցել նախաձեռնությանը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գրելու ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել։
Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձնանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված գործը դատարան է գնացել։ Հայ գերիներին մեղադրում են իբր ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու մեջ։
14 հայ ռազմագերու դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Գերիների հարազատները երեկ թակել են հերթական պետական մարմնի դռները, հանդիպում են ունեցել Ազգային ժողովում, որին մասնակցել են տարբեր խմբակցությունների միջազգային պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն»։