Այս հայտարարության առնչությամբ «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, որը նույնպես ներկա է եղել վարչապետի աշխատասենյակում կայացած այդ հանդիպմանը:
Ռուբինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը պարզապես ստում է.
«Ես չեմ կարծում, որ այստեղ կան փոխադարձ մեղադրանքներ, կա ճշմարտություն և սուտ: Նախ, հարկ չեմ համարում անդրադառնալ Օնիկ Գասպարյանի խոսքի տոնայնությանը, երբ խոսում է երկրի ղեկավարի և իր նախկին ղեկավարի մասին: Դա թողնում եմ հանրության դատին:
Ինչ վերաբերում է բովանդակությանը, կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ին ես անձամբ ներկա եմ եղել վարչապետի աշխատասենյակում այն հանդիպմանը, որի մասին խոսվում է: Այդ հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես, Օնիկ Գասպարյանը և ևս 7-8 այժմ արդեն նախկին և գործող պաշտոնյաներ, որի ժամանակ քննարկվել է հետևյալը. եղել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ այո, եղել է կետ, այսպես կոչված Ղազախի գյուղերի մասին: Եթե կհիշեք, հենց այդ օրը արտահոսք էր եղել մամուլ: Այդ տարբերակի առնչությամբ Օնիկ Գասպարյանն իմ աչքի առաջ ասել է՝ եթե դա չհաջողվի հանել, պետք է համաձայնել: Դրանից 1-2 կամ 3 ժամ անց կրկին իմ ներկայությամբ վարչապետի աշխատասենյակում Օնիկ Գասպարյանը զանգահարել է վարչապետին և խնդրել, որպեսզի նա համաձայնի այդ տարբերակին: Ու կրկին իմ ներկայությամբ վարչապետը արձագանքել է, որ ոչ, ես ոչ մի դեպքում այդ տարբերակին չեմ համաձայնելու և չեմ ստորագրելու փաստաթուղթը այդ տեսքով: Դրանից հետո, հայկական կողմի պնդմամբ, այդ կետը հանվել է և դարձել է հայտնի հայտարարությունը: Այսինքն՝ Օնիկ Գասպարյանը պարզապես սուտ է խոսում:
Ես որպես ականատես կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն ասել է, որ պետք է համաձայնել դրան:
Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը պետք է դադարի սուտ խոսել, մանավանդ, որ այն հանդիպմանը, որի մասին ինքը խոսում է, ներկա է եղել մոտ մեկ տասնյակ մարդ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը»: