ԱԱԾ-ն ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքական ուժերի կողմից պատշաճ նախընտրական քարոզչություն իրականացնելու կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:
«Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի կազմակերպման, ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով և հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվության խիստ միջոցներ է նախատեսում ընտրական իրավունքի խախտումների, ընտրակաշառքի միջնորդությունների համար:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից:
Նշվածի կապակցությամբ՝ ԱԱԾ-ն ակնկալում է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ ստացված հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ իրավապահ մարմիններին հայտնելու եղանակով:
Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: