Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը:
Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:
Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած լարվածություն տարածվում է նաև կողմնակիցների միջև և մեծացնում այն, անգամ ագրեսիվացնում է մթնոլորտը:
Պաշտոն զբաղեցնող և պետական կարգավիճակ ունեցող բոլոր անձինք` անկախ պաշտոնեական դիրքի աստիճանից, պարտավոր են հաշվի առնել, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն դադարում պաշտոնյա լինելուց և պետական կարգավիճակ ունենալուց: Սա նշանակում է, որ նրանք սահմանափակված են իրենց իրավասության սահմաններով և պետք է թույլ չտան խախտում` անցնելով այդ իրավասության սահմանները:
Դիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում ակտիվ են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են առանց այդ էլ առկա լարվածությունը»,- գրել է ՄԻՊ-ը: