Այսօր՝ հունիսի 7-ին մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով:
Հրավիրված ասուլիսի ընթացքում ԲՀԿ-ն ներկայացրեց նախընտրական ծրագիրը, անդրադարձան քարոզարշավի և ԲՀԿ-ի վերաբերյալ տարածված որոշ ասեկոսեներին:
Տոնոյանը քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ մանիպուլյացիայի կեղտոտ մեթոդներից։
Նա նշեց, որ ԲՀԿ-ն բացառում է Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, իսկ այլ ուժերի հետ համագործակցության հնարավորությունը դեռ չեն քննարկել, քանի որ գնում են ընտրությունների՝ հաղթելու և իշխանություն ստանալու համար:
Տոնոյանն ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է քարոզարշավ իրականացնելու և բոլոր մարզերում հանդիպելու է ժողովրդի հետ։
Նախընտրական ծրագրում Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ:
Հրատապ պետք է մշակել և իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունը: Պետք է ապահովել աշխատանքի
արտադրողականության կտրուկ աճը տնտեսության իրական հատվածում:
Առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումներ – ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ պետք է աճի՝ հասնելով առնվազն 40%-ի:
Գործողության մեջ պետք է դրվի ներդրումների ներգրավման «մեկ պատուհան» սկզբունքը: