«Հրապարակ» թերթը գրում է․
«Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել, պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ, մեր տեղեկություններով, թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին և իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու և այլ միջոցներով։
Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, և օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել»։
««Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշոր համայնքներում անգամ մի քանի շտաբ են բացել, որոնք կոորդինացնում են իշխանության «վերնախավի» տարբեր ներկայացուցիչներ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխանության տեղական «համակարգողները» փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ և ամեն ինչ անում են «վերևներին» տպավորելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել»։
Իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ Ո՛չ իրենց՝ «Քաղպայմանագրին» է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել։
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Եթե ընտրություններից հետո 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը»։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, և քաղաքական ուժերը, արդեն օրենքով սահմանված կարգով, սկսել են գնալ հանրության «դուռը»՝ քվե ստանալու։ Իշխանական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզից: Հանդիպումները, մեղմ ասած, մարդաշատ չէին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ մարզային այցերի ժամանակ, այս դեպքում էլ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ «շրջիկ խմբեր» էր տարել՝ մարդաքանակ ու «մասսովկա» ապահովելու համար, նախօրեին էլ հանձնարարական է իջեցվել պետական հիմնարկներին՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բուժամբուլատորիաներ, մանկապարտեզներ և այլն, անպայման ներկայություն ապահովել այդ հանդիպումներին։ Փորձագիտական շրջանակներն արդեն իսկ արձանագրում են, որ իշխանությունն օգտագործում է վարչական բոլոր հնարավորությունները՝ հիմա իր համար ցանկալի աուրա ստեղծելու, հետո արդեն՝ որոշակի արդյունք ապահովելու նպատակով»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար. նրանք հանրության շրջանում տարածում են լուրեր, թե ընդդիմադիրները (նախկին իշխանությունները) մեծ գումարներ են բաժանելու քաղաքացիներին ընտրություններից առաջ, հիմա ցուցակագրման գործընթացն է:
Ու միաժամանակ բոլոր քարոզչամեքենաներով հիշեցումներ են ապահովում, թե ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հոդվածներ.
1.քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից – քր. պատիժ՝ 5 տարվա ազատազրկում:
2. Ընտրակաշառք տալ – 7 տարվա ազատազրկում:
3. Ընտրակաշառք վերցնել – 3 տարվա ազատազրկում»: