Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առցանց զրուցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչներ, ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահականից զրույցից որոշ հատվածներ են առանձնացրել։
Սարգսյանը ՝մասնավորապես նշել է․ «Պատերազմը չի ավարտվել: Շատ խնդիրներ մինչ օրս կան, այդ թվում՝ սահմանային լարվածությունը: Ոչ ոք չէր կարող երաշխավորել մարդկային և արժանապատիվ վարքագիծ մեր հարևան Ադրբեջանի կողմից: Ինչպես գիտեք, սահմաններում մեծ լարվածություն կա, և կառավարությունը պետք է հոգ տանի դրա մասին, քանի որ դա կառավարության անմիջական պատասխանատվությունն է:
Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է երաշխավորի երկրի ամբողջականությունը, ինչը որպես հայտարարություն լավ է և ճիշտ: Սակայն այս Սահմանադրությամբ նախագահը որևէ իրատեսական գործիք չունի իր պարտավորությունները կատարելու համար: Անկեղծ ասած, գործիքների թիվը զրոյական է: Նախագահը պետք է պարզապես բառերով հիշեցնի կառավարությանը, որ պետք է հոգ տանել մեր երկրի ամբողջականության մասին:
Ես այսօր էլ հավատում եմ, եթե ունես ամուր, ուժեղ կառավարություն կարող ես պաշտպանել Սյունիքն ու լուծել խնդիրները: Ուժ ասելով՝ նկատի չունեմ միայն բանակը: Բանակի ամրությունը վերականգնելու համար մեզ տարիներ կպահանջվեն:
Երկրորդը՝ պետք է ամուր, ուժեղ ձայն ունենալ, երբ բանակցում ես ներկա իրավիճակի շուրջ: Մենք փոքր-ինչ այլ դիվանագիտության կարիք ունենք այստեղ: Պետք է վերասահմանենք մեր դիվանագիտական միջոցներն ու ձայնի ամրությունը, հասկանանք, թե ինչպես պետք է այս ամենն անել: Եվ ես սա հնարավոր եմ համարում: Ես հավատում եմ, որ մեր ազգը կարող է կառուցել ուժեղ Հայաստան, որն էլ կպաշտպանի ոչ միայն ինքն իրեն ու Արցախը, այլև ամբողջ Սփյուռքի իրավունքները: Ես տեսնում եմ այդ ներուժը և այստեղ եմ քրտնաջան աշխատելու համար:
Ինձ համար ցավալի է գիտակցել, որ օգտագործում եմ իմ կարողությունների առավելագույնը 5-10 տոկոսը: Ես կարող էի անել շատ ավելին՝ այդ թվում և դիվանագիտության տեսանկյունից: Սա, իհարկե, վատատեսություն չի ավելացնում իմ լավատեսությանը, ես շարունակում եմ լավատես մնալ, քանի որ հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել Չորրորդ հանրապետությունը»։