«Պատիվ ունեմ» դաշինքը վստահեցնում է, որ իրենք անում են ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի: Այս մասին հայտնել է Դավիթ Հարությունյանը, որը ներկա իշխանությունների գործելաոճն անվանել ոչ քաղաքակիրթ: Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարի, գործող իշխանության վարկանիշն ընկնում է:
«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, ստիպված յուրաքանչյուր անգամ նա փորձում է դա կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով և այլն»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» դաշինքն ինչ է անում, որ հանրային լարվածությունն այդ աստիճան չսրվի՝ նա ասաց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե ուշադրություն դարձնեք մեր քարոզարշավին, մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ավելին՝ ես այս պահին չեմ լսել նմանատիպ հաշվեհարդարի կոչ «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչը միակողմանի է, իշխանական ուժն է, որ այսօր սփռում է ատելության մթնոլորտ»:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ վարչապետի պաշտոնակատարի որդուն գերիների դիմաց փոխանակելու մասին, քննադատությունների է արժանացել՝ Հարությունյանը կարծիքով գործող իշխանությանը գերիների խնդիրը չի մտահոգում, այդ հարցը մատնել է անտարբերության: Նա նշեց, որ օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին անդրադարձել են շատ ընդհանուր տերմինաբանությամբ:
«Գերիներին մատնել են անտերության: Եվ շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս՝ մինչև հասարակությունից հնչեին այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու է այս իշխանությունն այդ աստիճան անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան»,-ասաց Հարությունյանը: