Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ քայլերը և նախընտրական քարոզարշավի ընթացքում հուզական հայտարարություններն ի ցույց են դնում նրա դիրքերի կորուստը, կարծում են ռուս փորձագետները:
Ավելի վաղ Փաշինյանը սպառնացել էր կադրային զտումներ անցկացնել խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, դրանք կանդրադառնան պետական կառավարման ոլորտի այն աշխատակիցներին, որոնց նա համարում է «տրոյական ձիեր»: Չորեքշաբթի օրը նա կրկնել է մեկ օր առաջ իր որդուն Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինվորականների հետ փոխանակելու առաջարկը։
Ինչպես РИА новости-ին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը, «իմպուլսիվ քայլերը, հայտարարությունները արշավի վերջին փուլում առաջին հերթին կապված են դիրքերի կորստի հետ»:
«Փաշինյանը էմոցիոնալ է արձագանքում գործող կարգի փոփոխությանը, այնուամենայնիվ, նա դիտարկվել է որպես անվերապահ առաջնորդ, իսկ այսօր կորցրել է իր առավելությունը և դա նրա մոտ նյարդային վիճակ է ստեղծում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար պարտվելը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է խաչ քաշել նրա ապագայի վրա», – նշեց քաղաքագետը:
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յուլիա Նիկիտինան կարծում է, որ հունիսի 20-ի ընտրություններից առաջ հիմնական քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, սպառել են ռացիոնալ փաստարկների լիմիտը: «Ընդ որում, երկու կողմից էլ, այդ թվում ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ վերջին ժամանակներս նա հիմնականում դիմում է զգացմունքներին, ինչ-որ վառ կերպարներ է օգտագործում», – ասել է Նիկիտինան РИА новости-ին:
Նա նշել է, որ «քաղաքական ընդդիմախոսներն այս պահին հայտնվել են հոգեբանական որոշակի ծուղակում, որից դժվար է դուրս գալ»։ «Ես այդ հայտարարություններն ու իրադարձությունները չէի դիտարկի որպես ռացիոնալ քաղաքականության մաս, այլ ավելի շուտ այն կարելի է դիտարկել որպես հայ հասարակության հոգեվիճակի հետեւանք», – հայտարարել է քաղաքագետը: