Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ Երևանի քաղաքապետը ստորագրել է երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիր։ Այս մասին հայտնել է Հայկ Մարությանը։
Այն կխթանի եղբայրական երկու քաղաքների փոխգործակցությունը կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում։
Ռուսաստանի հարավային մայրաքաղաքում Երևանի պատվիրակության պաշտոնական այցը բավական հագեցած օրակարգ ունի. այցելել են քաղաքային մի շարք հիմնարկություններ, մշակութային հաստատություններ, ծանոթացել քաղաքային կառավարման առանձնահատկություններին։
Բնականաբար, առանցքային տեղ է զբաղեցնում Նոր Նախիջևանի հայ համայնքի հետ շփումը։ 19-րդ դարում հայության խոշոր կենտրոններից մեկը՝ Դոնի Նախիջևանը, այսօր էլ համայնքի նվիրյալ անդամների շնորհիվ պահպանում է իր դիմագիծը։ Հատկապես հետաքրքիր էր շփումը համայնքի փայլուն երիտասարդների հետ, որոնցից ոմանք, ի ուրախություն ինձ մտադիր են ուսումը շարունակել Երևանում, նշել է Մարությանը։