Արտահերթ խորհրդարանական ընտրություներին մասնակցող «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։
Հաշվի առնելով վերը նշվածը Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի այդ հեռուստաբանավեճին»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նույն պատճառաբանությամբ հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվել են ևս 8 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները: Դրանք են՝ Ազատական կուսակցություն (Սամվել Բաբայան), Ազգային Օրակարգ (Արա Հակոբյան), Արդար Հայաստան (Նորայր Նորիկյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Դավիթ Սանասարյան), Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն (Արթուր Վարդանյան), ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն (Լուսինե Ավագյան), Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք (Արման Բաբաջանյան), Քաղաքացու որոշում ՍԴԿ (Սուրեն Սահակյան):