Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձել է այսօր Սիսիանում ՔՊ-ի վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀՅԴ-ականների հետ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր․ «Այն դաշնակցականները, որոնք կքվեարկեն Պողոսյան Պողոսյանին սպանած ստահակի օգտին, իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունը և դրոշը։ Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել ապրիլի 24-ին, այս ընտրություններում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ-ի դրոշը»։
Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը նշել է․ «Հողատուն Սիսիանում հիշել է դաշնակցականներին ու սրտի կսկիծով նեղսրտել է, թե ապրիլի 24-ին մեր դաշնակցականները Թուրքիայի դրոշ են այրում։ Սրտին դարդ է եղել Թուրքիայի դրոշ այրելը։ Ուղղակի պետք է հիշել, որ այսօր ՀՀ Դրոշի պետական տոնն է ու ճիշտ այս օրը Ալիեւն ու էրդողանը Շուշի են ժամանելու, պղծելով այն։ Շուշի, որը թուրքին տրվեց հողատուի մեղքով։ Նա դրանից չի նեղվում, նա նեղվում է, որ Թուրքիայի դրոշն են մերոնք այրում։ Իսկ իր թաթիկներն ու պիղծ բերանը թող հեռու պահի Դաշնակցության դրոշից։ Այն պահող կա։ Այդ դրոշով հազարավորներն են պայքարել, մարտնչել ու շատերի աճյունները ծածկվել են այդ սուրբ դրոշով»։