«Ամբողջ աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս: Էդ մարդիկ եկել են միջազգային օերնքով իրենց ամբողջական տերիտորիան մասամբ վերականգնել են, դեռ մի մասը մնացել է ռուսական խաղաղապահների ձեռքում, մասամբ»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ապա խոսելով 44-օրյա պատերազմից ասաց. «Տեսաք, որ Ադրբեջանը շատ համբերատար գործեց, երեսուն տարի պատրաստվեց ու լուծեց իր հարցերը»։
Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել։
«Հիմա հարցը լուծելը շատ դժվար է, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը համաձայնի ինչ-որ ստատուս քվոյի ապահովմանը։ Ի՞նչ ենք զիջելու։ Զիջելու հնարավորությունը կորցրինք։ Հիմա ոչինչ անել չես կարող, մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում Հայաստանը հիմա ոչ մի վճռական ձայն չունի»,- նկատեց Տեր-Պետրոսյանը:
Դիտարկմանը, որ երեկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իր նպատակն է վերակագնել ԼՂԻՄ-ը, այսինքն՝ վերադարձնել Շուշին և Հադրութը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Շատ վտանգավոր հայտարարություն է դա: Դա կարող է փորձանք բերել մեր գլխին: Ինչպե՞ս է վերադարձնելու Հարդրութը և Շուշին, հիմա ադրբեջանական զորքեր են այնտեղ: Բանակցություններո՞վ: Եվ Ադրբեջանը պետք է սուսիկ-փուսիկ իր պայուսակները հավաքի, թողնի գնա՞: Դա հնարավոր է միայն պատերազմով: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ, սա է նրա ասածը: Ով է Ադրբեջանին ստիպելու, որ թողնի գնա, Ռուսաստա՞նը: Էդպիսի բան գոյություն չունի»: